«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ
«Ռուսները փորձում են իրենց նկատմամբ հարգանք ներշնչել ճիշտ այնպես, ինչպես դանակով զինված անչափահասը»,- Նիցցայում և Վաշինգտոնում կայացած միջազգային երկու գագաթաժողովների ժամանակ Ռուսաստանի դրսևորած կեցվածքի հետ կապված՝ նշում է բրիտանական «Գարդիանը»։ Հիրավի, ինչ-որ իմաստով այդպիսի տպավորություն է ստեղծվում Ռուսաստանի նախագահի վերջին դիվանագիտական քայլերից՝ աշխարհում իր երկրի կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ։
Անշուշտ, դա առնչվում է նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, որը ոչ միայն մի սեղանի շուրջ հավաքեց աշխարհի խոշոր երկրների ղեկավարներին, այլև առիթ հանդիսացավ նոր քաղաքական նախաձեռնություններով հանդես գալու համար։ Ինչպես և սպասվում էր, «քսանյակի» առաջնորդների հանդիպումը Վաշինգտոնում դեռ մինչև դրա ավարտը մասնակիցների կողմից գնահատվեց իբրև կարևորագույն ճեղքում միջազգային հարաբերություններում։ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Մենք հանդես ենք գալիս նոր աշխարհի կառուցման օգտին»։ Իսկ Ռուսաստանի նախագահն առաջատար երկրներին առաջարկեց ամբողջությամբ վերակառուցել համաշխարհային տնտեսական ինստիտուտները՝ «քսանյակը» դարձնելով համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ձևավորման նոր մեխանիզմ, քանի որ, ըստ Դ. Մեդվեդևի. «Ներկայիս ֆինանսական համակարգի կառույցներն իրավիճակին համարժեք չեն, անհրաժեշտ են նորերը»։
Անհրաժեշտ է ընդգծել, որ ինչպես Նիցցայում տեղի ունեցած Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովում, այնպես էլ Վաշինգտոնում Ռուսաստանի ղեկավարը հանդես եկավ, Արևմուտքի գնահատմամբ, կառուցողական առաջարկներով ու դիրքորոշումներով, որոնք դադարել էին այդպիսին լինելուց օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Դատելով Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններից` գլոբալ ճգնաժամի և նավթի գների կտրուկ անկման պարագայում Մոսկվայում հասկացել են, որ չեն կարող մեկուսանալ ու մարտահրավեր նետել ամբողջ աշխարհին առանց Ռուսաստանի համար բացասական հետևանքների։ Իսկ Արևմուտքին ճգնաժամի պայմաններում ավելի քան անհրաժեշտ են ռուսական շուկան և Մոսկվայի կողմից կանոնավոր էներգետիկ մատակարարումների ապահովումը։ Այսպիսով, կողմերը հանգել են այն համոզման, որ անհրաժեշտ է հարաբերությունները կառուցել ներկա գլոբալ վտանգների հաշվառումով։
Այդ պատճառով էլ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է անհետաձգելի մերձեցման Եվրոպայի հետ, ինչը միաժամանակ չի բացառում հետագայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սերտացումը (այսինքն՝ առանց Չինաստանի կամ Հնդկաստանի)։ Միաժամանակ Ռուսաստանի ղեկավարն ընդունեց, որ Ֆրանսիան ու Գերմանիան մինչ օրս շատ դրական դեր են խաղացել՝ շրջափակելով տարբեր պետությունների, այդ թվում՝ ՈՒկրաինայի ու Վրաստանի՝ ՆԱՏՕ ընդունվելու դիմումները, իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է գործընկերների հետ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության հնարավորությունները։ Դա, իհարկե, չի վերաբերում Լեհաստանում ու Չեխիայում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայմանը, որը, փաստորեն, ռազմավարական սահման է անցկացնում Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Սակայն Դ. Մեդվեդևն ընդգծեց, որ այս հարցում Մոսկվան համաձայն է զրոյական տարբերակին, ինչը 1986 թվականին թույլ տվեց Ռեյգանին ու Գորբաչովին՝ երկու կողմից ստրատեգիական հրթիռների կրճատման ճանապարհով վերջ դնել «սառը պատերազմին»։ Վաշինգտոնում գտնվելու օրերին Ռուսաստանի նախագահն ԱՄՆ-ի նոր վարչակազմին կոչ արեց համատեղ ջանքերով հաղթահարել երկկողմ հարաբերություններում ստեղծված վստահության ճգնաժամը՝ հայտարարելով. «Անհրաժեշտ է ընդունել, որ վերջին շրջանում առաջացել է վստահության ճգնաժամ և՛ ֆինանսական աշխարհում, և՛ մյուս ոլորտներում։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում այսօր չկա այն վստահությունը, որն անհրաժեշտ է»։
Այս ամենից Արևմուտքը հետևություններ է անում և առայժմ այնպիսի կեցվածք է ընդունել, թե հերթական անգամ հավատացել է Կրեմլի հավաստիացումներին ու պատրաստ է համաձայնելու «խաղաղասիրական քաղաքականությանը»։ Իրականում, անշուշտ, Բրյուսելում ու Վաշինգտոնում գիտակցում են, որ ավելի հեշտ կլինի գոյակցել անզիջում և նավթով հարուստ Ռուսաստանի հետ, երբ վերջինս իրեն բավարարված է զգում։ Եվրոպացիները, մասնավորապես, հուսով են, որ Մոսկվայի հետ երկխոսության շարունակման պայմաններում Կրեմլի գործողություններն ավելի կանխատեսելի կլինեն։ Համապատասխանաբար, Եվրամիության երկրների արտգործնախարարները երկարատև բանավեճերից հետո հանգեցին եզրակացության, որ պետք է շարունակել բանակցությունները Մոսկվայի հետ՝ Եվրամիություն-Ռուսաստան գործընկերության ու համագործակցության նոր համաձայնագրի շուրջ։ Այդ բանակցությունները դադարեցվել էին վրացական իրադարձություններից հետո։ Եվրոպայի համար այժմ անչափ կարևոր են ինչպես էներգետիկ, այնպես էլ ընդհանուր տնտեսական խնդիրները, ուստի եվրոպացիները դադարեցին ձևացնել, թե իբր Արևմուտքը պատրաստ է ամեն գնով պաշտպանելու Վրաստանին և ՈՒկրաինային։ Բազմաթիվ եվրոպական ու ամերիկյան փորձագետներ այսօր արդեն համարում են, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում կհետաձգի Կիևի ու Թբիլիսիի անդամակցության դիմումների քննարկումը, քանի որ ՈՒկրաինայում ընտրություններ են, և դա շատ հարմար առիթ է՝ ստեղծված ճգնաժամը հետաձգման պատճառ դարձնելու համար։ Իսկ միայն Վրաստանի դիմումը քննարկելն ուղղակի նպատակահարմար չի լինի։
Այսպիսով, վերջին շաբաթը Կրեմլի համար կարելի է հաջողված համարել, այլ հարց է, թե որքան կտևի այս իրավիճակը։ Ռուսական առավել անկախ փորձագետներից մեկը՝ քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովն այս կապակցությամբ կարծում է. «Հնարավոր է, որ ներկայիս խոսակցությունները Ռուսաստանի նոր կայսերական նախագծի մասին ինչ-որ մեկին ջերմացնում են, բայց ամեն ինչ իրականում բոլորովին այդպես չէ։ Կայսրություն ստեղծելու համար անհրաժեշտ է նոր էլիտա, շատ ամբողջական գաղափարախոսություն, ոչ թե պարզապես խողովակաշարեր և որոշակի ֆինանսական հոսքեր։ Այդ ամենը լուրջ չէ, ուստի ի՞նչ կայսրության մասին կարող է խոսք լինել»։
Հետխորհրդային տարածքում բոլորին էլ լավ հայտնի է, որ ռուսները պատրաստ են արևմտյան կանոններով խաղալու միայն այն դեպքում, եթե այդ կանոններն իրենց ձեռնտու լինեն։ Ռուսաստանը շարունակում է համառել բացառիկության իր ձգտման մեջ՝ աշխարհին նայելով Երկրորդ համաշխարհայինի և «սառը պատերազմի» փորձից ելնելով, իսկ բնակչության մեջ գերակշռում են հզոր տերության կարգավիճակը վերականգնելու տրամադրությունները։
Ըստ այդմ, հավանաբար, պատահական չէր, որ ամերիկյան միջազգային հարաբերությունների խորհրդի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հարցին, թե որոնք են Ռուսաստանի առաջնահերթ շահերի գոտիները, Դ. Մեդվեդևը պատասխանեց. «Դրանք այն պետություններն են, որոնք շատ կարևոր են մեզ համար, և որոնց հետ մենք կողք կողքի ապրել ենք տասնամյակներ շարունակ։ Ես, բնականաբար, նկատի ունեմ այն պետությունները, որոնք ԽՍՀՄ-ի մասն էին կազմում, որտեղ խոսում են ռուսերեն և տնտեսական հարաբերություններն ու մշակութային պլաստը շատ մոտ են մեզ։ Բայց դրանք միայն այն պետությունները չեն, որ սահմանակից են Ռուսաստանին, այլ նաև այն երկրները, որոնց հետ մենք ավանդական գործընկերային հարաբերություններ ունենք»։ Հետո արդեն, թերևս, տպավորությունը մեղմելու համար, Ռուսաստանի նախագահն ավելացրեց. «Խոսքը վերաբերում է այն պետություններին, որոնք տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ մշտական շփման մեջ են մեզ հետ, կարևոր են մեզ համար ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով։ Դրանց մեջ է եվրոպական պետությունների զգալի մասը, այդպիսին կարող է դիտվել նաև ԱՄՆ-ը»։
«Փափուկ բարձի» քաղաքականության ծիրում կարելի է դիտարկել նաև Ռուսաստանի նախագահի հետևյալ հայտարարությունը. «Ռուսաստանն այսօր ընդգրկված չէ ռազմաքաղաքական միությունների մեջ։ Ճիշտ է, մենք միություն ենք ձևավորել ԱՊՀ ՀԱՊԿ շրջանակներում, բայց այն չենք դիտարկում իբրև ռազմական միավորում։ Դա, այնուամենայնիվ, քաղաքական միավորում է»։ Մինչդեռ արժե հիշեցնել, որ նույն ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ այն կոչված է զարգացնելու հենց ռազմաքաղաքական հարաբերություններն անդամ երկրների միջև, նպաստելու ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։ Ավելին, կազմակերպությունը համատեղ ջանքեր է գործադրում հավաքական անվտանգության համակարգի շրջանակներում՝ ստեղծելով տարածաշրջանային ռազմական խմբավորումներ, ռազմական ենթակառուցվածքներ։ Այն գործառույթներ է իրականացնում նաև անդամ երկրների զինված ուժերի համար կադրերի պատրաստման, այդ ուժերն անհրաժեշտ զենքով ու զինամթերքով ապահովելու ուղղությամբ։ Հազիվ թե Ռուսաստանի նախագահն այս ամենին տեղյակ չէ, հետևապես, այդ հանգամանքը չէր կարող չնկատել քննադատաբար տրամադրված արևմտյան լսարանը։ Բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերություններն իջել են այնպիսի մակարդակի, որ չնայած Կրեմլի ջանքերին, հազիվ թե կարելի է արագ բարելավում սպասել։ Կառնեգիի ֆոնդի ոչ անհայտ փորձագետ Ջեյմս Քոլինզը մասնավորապես նշում է. «Մոսկվան պետք է հասկանա, որ խնդիրներ ունի ոչ միայն ինքը, այլև ուրիշ երկրներ։ Այդ պրոբլեմները կապված են նաև Ռուսաստանի պահվածքի հետ, ուստի շատ կարևոր է, թե ինչպես պետք է դրանք լուծվեն։ Ես հուսով եմ, որ նախագահ Օբաման կսկսի նրանից, որ կփորձի Ռուսաստանի նախագահից պարզել, թե ինչ նկատի ունի վերջինս, երբ խոսում է եվրոպական անվտանգության հարցերով նոր կոնֆերանս հրավիրելու մասին։ Ինչի՞ է նա ձգտում»։
Իբրև հոդվածի ամփոփում, կարծում եմ, արժե ընթերցողին ներկայացնել ֆրանսիական «Le Nouvel Observateur» թերթից մի բնութագրական մեջբերում, ուր Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները բանակցում են ռուս-վրացական հակամարտության օրերին։ Ռուս-ֆրանսիական բանակցությունների այս չքնաղ երկխոսությունը, ըստ թերթի, ներկայացրել է նախագահ Սարկոզիի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտտը։ Երբ Ֆրանսիայի նախագահը դիմում է Դմիտրի Մեդվեդևին` «Դուք չեք կարող այդպես վարվել, աշխարհը դա չի հասկանա», ռեպլիկով, բավական կոպիտ միջամտում է Վլադիմիր Պուտինը.
-Սաակաշվիլի՞ն, ես նրան ձվերից կկախեմ։
-Կկախե՞ք,- զարմացած հարցնում է Ֆրանսիայի նախագահը։
-Իսկ ինչո՞ւ ոչ, ամերիկացիները կախեցին, չէ՞, Սադամ Հուսեյնին,- պատասխանում է Պուտինը։
-Այո, բայց մի՞թե դու ուզում ես վերջացնել ինչպես Բուշը,- հակադարձում է Սարկոզին։ Եվ Պուտինը շփոթված պատասխանում է. «Ինչպես Բո՞ւշը... Այո, այստեղ դու երևի ճիշտ ես։ Պարտիան շահված է, և Սաակաշվիլին կփրկի իր գլուխն ու...»։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ